Հայաստանի Անկախության տոնին նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ՈՒղերձում ասված է. «Հարգելի պարոն նախագահ, ամերիկյան ժողովրդի անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ: Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության և ստեղծարարության շնորհիվ դուք արժանացել եք աշխարհում շատերի հիացմունքին, նրանց թվում է ԱՄՆ-ը: Հայաստանը կարևոր գործընկեր է, որի հետ մենք կիսում ենք դինամիկ և ընդլայնվող օրակարգ: Մենք երախտապարտ ենք խաղաղապահ գործողություններին, այդ թվում՝ Լիբանանում և Կոսովոյում, Հայաստանի աջակցության համար: Մենք նաև ողջունում ենք այս տարի ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջև եղած տնտեսական կապերը»:
«Մինչ դուք նշում եք անկախության 24-րդ տարեդարձը, ես Ձեզ և Հայաստանի ժողովրդին այս անկախության օրը մաղթում եմ ամենայն բարիք և հաջող գալիք տարի»՝ ուղերձում գրել է Օբաման:
Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. «Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով: Բարձր ենք գնահատում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հայ գործընկերների տրամադրվածությունը: Կցանկանայի հաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում»: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք բազմաբնույթ դաշնակցային կապերի և տարածաշրջանային գործերում կառուցողական փոխգործակցության հետագա զարգացումը: Այն համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»,- Սերժ Սարգսյանին գրել է Վլադիմիր Պուտինը: